Վիտամինները (լատ.՝ vita կյանք բառից), կենսաբանորեն ակտիվ օրգանական միացություններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ուկենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։ Վիտամինների մեծ մասը մարդն ստանում է սննդի միջոցով, և սոսկ մի քանիսն են սինթեզվում օրգանիզմում։ Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների։
Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։ Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։ Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը։
Որևէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ։
Որոշ սննդամթերքներ հարուստ են մեկ կամ մի քանի վիտամիններով, բայց զուրկ են մյուսներից։ Ուստի միօրինակ սնվելիս կամ վիտամինազուրկ սննդամթերք օգտագործելիս, ինչպես նաև օրգանիզմի կողմից վիտամինների յուրացման շարժընթացի խանգարման դեպքում կարող է առաջանալ վիտամինային անբավարարություն (թերվիտամինություն,անվիտամինություն)։ Վիտամինների ավելցուկային ընդունումը նույնպես կարող է հանգեցնել հիվանդությունների՝ գերվիտամինությունների։ Դրանք կարող են առաջանալ որևէ վիտամինի մեծ չափաքանակի միանվագ ընդունումից (սովորաբար վիտամինային պատրաստուկի ձևով) կամ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող քանակությամբ երկարատև օգտագործելիս։
Վիտամինների պահանջը բարձրանում է օրգանիզմի աճման շրջանում, հիվանդության ժամանակ և դրանից հետո, ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածության ընթացքում (օրինակ՝ սպորտով պարապելիս, նյարդահուզական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ կատարելիս), ինչպես նաև ցրտի երկարատև ազդեցության դեպքում։ Տարիքի հետ օրգանիզմում վիտամինների յուրացումը դժվարանում Է։
Սկզբում վիտամինները պայմանականորեն նշանակվում էին լատիներեն այբուբենի տառերով՝ A, B, C, D, E, K, P և այլն, այնուհետև տրվեցին միջազգային անուններ, որոնք արտացոլում են այդ նյութերի քիմիական կառուցվածքը։ Վիտամինները բաժանվում են 3 խմբերի՝ ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութեր։
Վիտամինի քանակի խանգարում
Վիտամինների քանակի փոփոխումը, խանգարումը օրգանիզմում կապված է երեք հիմնական պաթոլոգիական վիճակների հետ.
- Վիտամինի պակաս - հիպովիտամինոզ (լատ. hypovitaminosis)
- Վիտամինի ավելցուկ - հիպերվիտամինոզ (լատ. hypervitaminosis)
- Վիտամինի բացակայություն - ավիտամինոզ (լատ. avitaminosis).
A վիտամին (ռետինոլ)
Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար։ A վիտամինի անբավարարության հիմնական հատկանիշը լուսավախությունն է, գիշերային կուրությունը (հավկուրություն)։ A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքներում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, պանրում, ձվի դեղնուցում։ Բուսական մթերքներում պարունակվում է նախավիտամինների՝ գունանյութերի (պիգմենտներ), կարոտինոիդների ձևով, որոնցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն։
B¹ վիտամին (թիամին)
Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի նյութափոխանակության համար։ Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի։ B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը։ Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց։
B² վիտամին (ռիբոֆլավին)
Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման շարժընթացներին։ Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը։ Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը։ Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում։ B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությամբ։B2 վիտամինները կարևոր են մարդու կենսագործունեության և առողջ ապրելակերպի համար։
B³ կամ PP վիտամին (նիկոտինամիդ,նիկոտինաթթու)
Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը։ Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում։ Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքներից։
B5 վիտամին (պանտոտենաթթու)
Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար։ Կանոնավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները։ Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային՝ հունարեն նշանակում է ամենատարածված)։ Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել։
B6 վիտամին (պիրիդօքսին)
Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են։ Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն։ B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում։
B9 վիտամին (ֆոլացին)
Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B¹² վիտամինի յուրացմանը։ Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ։ Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում։ Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում։ Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից։ Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը։
Комментариев нет:
Отправить комментарий